Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստորերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնելու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ: Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն: Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ապարներից են մարմարը, կավը և այլն:
Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրերը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղցրահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:
Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուրներ:
Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:
Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:
Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգտագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար: Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակարանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:
Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, որոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:
Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրակեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:
Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներկայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։ Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստորերկրյա ջրեր, որոնք առաջանում են անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։
- Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները: Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրն անցնում է, ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի անցնում։
- Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:
- Ի՞նչ են աղբյուրը, գեյզերները, ջուրը:
Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրերը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղցրահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրները կոչվում են գեյզերներ:
- Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը։ Այդ ջրերը կարող ենք օգտագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար: