6 Գազանները քաղաքում
Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր…»
Որ կանչեց նրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս էն հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք… »
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել…
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։
7
Ելավ Օհանը, Դավթի մոտ գնաց.
— Հորեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց,
Ուլեր կըփախչեն։ — Մին էլ էնտեղից
Մի բոզ նապաստակ, ականջները ցից,
Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ։
Դավիթն էր. ելավ, ետևից ընկած
Էն սարը քշեց, ետ բերավ էս ձոր,
Բերավ, ուլերին խառնեց նորից նոր։
— Օ՜ֆ, ի՜նչ դըժվար է, հորեղբայր Օհան.
Աստված օխնել է էն սև-սև ուլեր,
Ամա բոզալուկ էս ուլեր, որ կան,
Փախչում են, ցըրվում ողջ սարերն ի վեր.
Էնքան եմ երեկ վազել, չարչարվե՜լ,
Մինչև հավաքել ու տուն եմ բերե՜լ…
Նայեց Օհանը, որ Դավթի հագին
Ոտնաման չի էլ մընացել կարգին,
Մահակն էլ մաշվել, մինչ բուռն է հասել,
Մի օրվա միջում էնքան է վազել։
— Դավի՛թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես,
Բոզալուկ ուլեր չարչարում են քեզ.
Էգուց նախիրը կըտանես արոտ։
Ասավ Օհանը ու մյուս առավոտ
Գընաց, նորից նոր մեր Դավթի ոտի
Մի ջուխտ նոր տըրեխ բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ հարյուր լըդրական
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան։
8 Բռնոցի գազանների հետ
Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման։
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՛ր,
Ի՜նչ անուշ է
Ձեր լանջն ի վեր…»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր։
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթն էր. ընկավ նրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից,
Գել, ինձ, առյուծ, արջ, վագըր բռնեց,
Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց
Ու առաջն արավ դեպի Սասմա քաղաք։
Ոռնո՜ց, մըռընչյո՜ւն, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Վախկոտ քաղքըցիք մին էլ ի՜նչ տեսան,
Հենց քաղքի վըրա անհամար գազան…
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք…»
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած
Փախան, ներս ընկան տուն, ժամ կամ խանութ,
Ամուր փակեցին դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս քաղքըցիք ի՜նչ վաղ են քընում։
Հե՜յ կովատեր, հե՜յ գոմշատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ,
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել։
Շուտով ելե՜ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր եզն ու կով գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի, մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Ամա՜ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր,
Մեր եզն ու մեր կով թող մընան անտեր,
Միայն սրանից ազատ արա մեզ։
Ոչ արջն է ջոկում, ոչ գոմեշն ու եզ,
Մի օր էլ քաղքին փորձանք կըբերի,
Արջերոց կանի, կըտա կավերի։
9
Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝
Գընա, որս անի սարերի վըրեն։
Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից,
Հեռացավ Սասմա քաղաքի սահմանից
Ու դառավ որսկան։ նաց, մի կորկում
Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,
Վիշապի նըման, երկա՜ր, ահագի՜ն
Մեկնըվում, քընում կըրակի կողքին։
Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ,
Պառավը վըրեն սաստիկ բարկացավ։
— Վա՜յ Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ,
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։
Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին —
Ես եմ ու էն արտն աստըծու տակին,
Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։
Թե որսկան ես դու — նետ-աղեղըդ ա՛ռ,
Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ,
Որսով մեջը լի որսի սար ուներ.
Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.
Կարո՞ղ ես — գընա, էնտեղ որս արա։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։
Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի…
— Գընա՛, հորեղբայրդ — Օհանը կասի։
10
Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին
Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին։
— Հորեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝
Իմ հերը որսի սար է ունեցել,
Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար.
Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար։
— Վա՜յ, կանչեց Օհան, էդ քու խոսքը չէր,
Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր։
Էն սարը, որդի՛, գնաց մեր ձեռից,
Էն սարի որսն էլ գնաց էն սարից,
Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար։
Քանի լուսեղեն քու հերը դեռ կար,
(Է՜յ գիդի օրեր — ո՜րտեղ եք կորել),
Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել…
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ,
Էս սարի որսն էլ թալանեց, տարավ.
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց…
Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գրած։
Անցել է, որդի, քու բանին գընա,
Մըսրա թագավոր ձենըդ կիմանա…
— Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ…
Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր.
Մըսրա թագավոր թող Մըսըր կենա,
Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա…
Վեր կաց, հորեղբա՛յր, նետ-աղեղդ առ,
Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար։
Ելավ Օհանը ճարը կըտըրված,
Գընացին տեսան՝ էլ ի՜նչ որսասար.
Անտառը ջարդած, պարիսպն ավերած,
Բուրգերը արած գետնին հավասար…
Կաղկանձ – վնգվնգոց
խալխ – օտար մարդիկ
տըրեխ – չարոխ ոտնաման
մահակ – փայտե հաստ գավազան
նախիր – խոշոր եղջերավոր անասունների հոտ՝ խումբ
լոր – թռչուն