Posted in ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Անի

Անի, միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք։ Գտնվում է Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին։

Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։

Զարգացած միջնադարում՝ 961-1045 թվականներին, Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Վերջինիս սահմաններում ընդգրկված էին Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր գավառները՝ ՍևանաՎանա և Ուրմիո լճերի միջև։ 13-րդ դարի պատմիչ Սիբթ իբն ալ-Ջաուզին հայտնում է, որ նախքան սելջուկների կողմից Հայաստանի գրավումը (Մանազկերտի ճակատամարտ), հայոց մայրաքաղաքի բնակչությունը հասնում էր մեկ միլիոն մարդու, որոնց մի մասը սպանվում է, իսկ կենդանի մնացածները գերի են վերցվում[2]։ Ավելի ուշ շրջանում, կապված Վրաց թագավորության զորեղացման հետ, Արևելյան Հայաստանում ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը, որի կենտրոնը նորից դառնում է Անին[3]։

Leave a comment