Posted in ՄԱՅՐԵՆԻ, ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

Հազարան հավքը մաս 10

Քամի Ձին Արեգին բարձրացրեց օդ ու սուրաց կայծակի ու փոթորկի նման դեպի լուսեղեն ոգիների Մշտադալար Այգին:

Էնտեղ անվերջանալի կանաչկարմիր գարուն էր ու լույս: Անթառամ այգիների երփներանգ, բուրավետ ծաղիկների մեջ փայլատակում էին շողակնի ու փիրուզի ապարանքները, ճաճանչելով կարկաչում էին անմահական ջրերը, ու զվարթ աղմուկով երգում էին դրախտի հավքերը: Ցած իջավ Արեգը սարից, մտավ Մշտադալար Այգին ու քիչ մնաց խելքը գլխիցը թռչեր անմահական ծաղիկների անուշ բուրմունքից, դրախտային հավքերի երգերից ու փիրուզե շատրվանների մեղմ խոխոջներից: Ու ոչ մի արարած, ոչ մի մարդկային ձեն: Երջանկությունից արբած ու վերացած` Արեգը մտավ զմրուխտյա ու բյուրեղյա ապարանքը: Մի սեղան է բաց արած` Աստծո ամեն բարին մեջը, ու էնտեղ էլ դարձյալ ոչ ոք չկա: Շատ սպասեց, թե քիչ, հանկարծ հեռվից մեղմ ու անուշ երաժշտության և ուրախ, հնչուն ծիծաղի ձայներ լսվեցին: Ձայները հետզհետե մոտեցան: Արեգը թաքնվեց ու սպասեց: Տեսավ` իրար հետևից եկան երեք խումբ հուրի-փերիներ, ու ամեն խմբի մեջ` մի-մի անտեսաննման թագուհի: Երեք խումբն էլ ներս մտավ, երեք թագուհիները բազմեցին, ու մյուսներն էլ` նրանց շուրջը: Ու քնքուշ, զվարթ աղմուկով լցվեց էն զմրուխտյա ապարանքը: Սկսեցին ուտել, խմել, ուրախանալ: Ուրախության ժամանակ վեր կացավ էն երեք թագուհիներից մեկը, նեկտարի բաժակն առավ ու էսպես խոսեց.
— Անուշ քույրեր, էն տղի կենացը, որ ինձ ազատեց Սև դևի գերությունից, արև ու լույս տվեց մութ աշխարհքին: Ա¯խ, երանի թե երբևիցե նա հայտնվեր մեր երջանիկ կողմերում, որ ես էլ կարողանայի նրան լավություն անել:
Ամենքը խմեցին երկնային նեկտարը և գովեցին էն կտրիճի քաջությունը, որ իրենց քրոջն ազատել էր Սև դևի գերությունից: Հետո ոտքի կանգնեց երկրորդ քույրը, բաժակը բարձրացրեց, ասաց.
— Երկաթե Ձեռքն ինձ գերել ու գերի էր արել ծովի հատակին: Էս բաժակն էլ խմենք էն հերոս տղի կենացը, որ խորտակեց Երկաթե Ձեռքին, ինձ ազատեց նրա գերությունից, իսկ Կապույտ աշխարհի խեղճ ժողովրդին փրկեց սովից ու մահից… Ա¯խ, երանի թե մի օր մեր դյութական աշխարհքը գար նա, որ ես էլ կարողանայի նրան լավություն անել…
Ամենքը խմեցին երկնային նեկտարը, գովեցին հերոսի սիրտն ու զորությունը ու ցանկացան, որ օրերից մի օր նրան տեսնեին: Ապա վեր կացավ երրորդ քույրը:
— Քույրեր,- ասաց,- էս բաժակն էլ խմենք էն ազնիվ հերոսի կենացը, որ սատկացրեց Քավթառ Քուրսի հրեշին ու ինձ ազատեց նրա մութ ու զարհուրելի քարանձավի գերությունից: Ա¯խ, երանի թե նա էլ մի օր ընկներ մեր մշտադալար աշխարհքը, որ կարողանայի իր արած լավության դիմաց ես էլ նրան լավություն անել:
Ամենքը միասին էս կենացն էլ խմեցին, գովեցին հերոսի ուժն ու արիությունը ու շատ ցանկացան, որ սրան էլ մի օր տեսնեին:
— Ա¯խ,- շարունակեց փոքր քույրը,- եթե երբևիցե նա հայտնվեր մեր երջանիկ աշխարհքում, ես կխնդրեի մեր հորը, որ թողներ նրան` միշտ ապրեր մեր դրախտում ու վայելեր մեր Մշտադալար Այգու վայելչությունը: Բայց, ափսո¯ս, օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մեզ մոտ հասնել…
Էս խոսքի վրա Արեգը դուրս եկավ իր թաքստոցից ու կանգնեց լուսեղեն աղջիկների առաջին: Ամենքը միասին վեր թռան, ճչացին ահից ու զարմանքից: Արեգը ցույց տվեց նրանց տված մատանիները: Նայեցին, ճանաչեցին իրենց ազատարարին ու էնպես մի խելագար խնջույք սարքեցին, որ ոչ լեզվով պատմել կլինի, ոչ գրչով նկարագրել: Հետո հարցրին, թե ինչպես է եղել, որ իրենց աշխարհքն է ընկել Արեգը, ուր է գնում, ինչու է գլուխը տվել փորձանքների ու զրկանքների: Եվ երբ իմացան, որ Հազարան Հավքի հետևից է գնում, շատ խնդրեցին, որ հետ կենա էդ վտանգավոր մտքից, որովհետև անհնար է, ասին, ձեռք բերել Հազարան Հավքը:
— Մնա մեզ մոտ,- ասացին նրանք,- մնա մեզ մոտ` միշտ ուրախ ու երջանիկ, անհոգ ու զվարթ…
— Ոչ,- պատասխանեց Արեգը,- ես նպատակ ունեմ, պետք է գնամ իմ նպատակի հետևից: Պետք է գտնեմ Հազարան Հավքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ: Ու քանի դեռ իմ նպատակին չեմ հասել, ոչ վայելչություն կա, ոչ հանգստություն ինձ համար: Հուրի-փերիները, երբ որ տեսան Արեգն իր ճամփից հետ չի դառնալու, էն ժամանակ ասին.
— Հազարան Հավքը պահվում է Կախարդական անմեռ աշխարհում` կախարդական ապարանքի մեջ, ուր քնած է Հազարան Հավքի Տիրուհին: Սիրուն տղա, դու պետք է գնաս Սպիտակ աշխարհ, անցնես Սպիտակ ծովը, մտնես Կախարդական աշխարհ ու անցնես Սև քարերը, Լեղի գետը, փշոտ անապատը, հասնես Տաճարին, ուր պահված է Հազարան Հավքը: Բայց իմացիր, դեռ ոչ մի հողածին հետ չի եկել այնտեղից, ոչ մի հողածնի ոտք չի դիպել Տաճարի աստիճաններին: Գնա, արի Արեգ, Քամի Ձին քեզ կտանի մինչև Սպիտակ աշխարհ, Սպիտակ ծովի մոտ…
— Է¯յ, Քամի¯ Ձի,- ձայն տվին հուրի-փերիները, և Քամի Ձին հայտնվեց Արեգի առջև:
Արեգը շնորհակալություն հայտնեց հուրի-փերիներին, մնաս բարով ասեց, հեծավ Քամի Ձին, բռնեց ոսկի սանձն ու սուրաց երկնքով դեպի Սպիտակ աշխարհ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s