Posted in ՄԱՅՐԵՆԻ, ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ (մաս 11)

Թռա¯վ, թռա¯վ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը:

Սպիտակ աշխարհի հողը` սպիտակ, ջուրը` սպիտակ, խոտը` սպիտակ, ծաղիկը` սպիտակ: Իջան Սպիտակ ծովի ափին, ու Քամի Ձին ասաց Արեգին.
— Էստեղ վերջանում է իմ թագավորությունը, էս սահմանից դենը սկսվում է Սպիտակ աշխարհը,- ու ձայն տվեց.
— Ձո¯ւկ ախպեր…
Ջրերն ալեկոծվեցին, ու ծովը ծռթռալով Ձուկը եկա¯վ, թե` հը, Քամի Ձի ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ¯, սրան պետք է տանես ծովի մյուս կողմը, Աժդահին կանչես ու ասես, որ սա Հազարան Հավքին է ման գալի. Մշտադալար Այգու հուրի-փերիներն են ուղարկել, որ Հազարան Հավքի տեղն ու պատմությունը սրան հայտնի,- ասաց Քամի Ձին:
Ձուկը թե` այ տղա, արի բերանս: Արեգին բերանն առավ, տարավ, հասցրեց ծովի մյուս ափը: Ձեն տվեց` Աժդահա¯… Աժդահեն եկավ մի գազանի նման: Արեգին տեսավ թե չէ, աղաղակեց.
— Հը, Ձուկ ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ,- պատասխանեց Ձուկը,- Քամի Ձի ախպերը բերեց. հուրի-փերի քուրիկներն են ուղարկել սրան, սրա լավությունը նրանց է հասել: Սրան պետք է տանես, քո սահմանն անց կացնես, Հազարան Հավքի տեղն ու պատմությունն անես, որ գնա գտնի: Աժդահեն ուսն առավ Արեգին, տարա¯վ, իրեն սահմանն անցկացրեց, վար բերեց ու էսպես արեց Հազարան Հավքի տեղն ու պատմությունը .
— Էստեղից Հազարան Հավքի Տիրուհու տերության սահմանն է սկսվում: Կգնաս` առաջդ մի սար կգա` լիքը սև-սև քարերով: Սարը, որ անցնելու լինես, սև-սև քարերը ամեն տեսակ ձեներով, քո հարազատների ձեներով էլ կկանչեն, էն տեսակ ձեներ կհանեն, որ ոչ մի հողածին արարած չի կարող հետ չնայել: Դու հետ չնայես. նայես թե չէ, դու էլ սև քար կդառնաս: Սարը որ անցնես, առաջդ մի ահագին գետ կգա: Հազարան Հավքի Տիրուհին նրա ջուրը աղի-լեղի թույն է դարձրել: Ոչ մի հողածին չի կարող խմել էդ ջրից, բայց դու որ խմես, պետք է բացականչես.
-Ա¯խ, ինչ անմահական ջուր է:
Գետը կանցնես, կընկնես մի անծայրածիր անապատ` լցված ժանտահոտ, անկոխելի փուշ ու տատասկով: Դու փուշը կպոկես, հոտ կքաշես ու կասես.
-Ա¯խ, ինչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ որ անցնես, աչքիդ կերևա Հազարան Հավքի վեհ Տիրուհու ապարանքը: Էդ ժամանակ կգան խեղկատակներ, օյին հանողներ, ծաղրածուներ: Առաջդ կկտրեն ու էն բաները, էն օյինները, էն խաղերը կհորինեն քո առաջին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում կխնդան: Բայց դու չպետք է ծիծաղես. եթե ծիծաղեցիր, իմանաս, որ քեզ կհաղթեն ու կոչնչացնեն: Հենց որ տեսան բանի տեղ չդրեցիր իրենց օյինները, քեզ ծաղր կանեն, կհայհոյեն, կթքեն… Ոչ մի պատասխան, ոչ մի հայհոյանք չպիտի անցնի քո մտքից. սիրտդ հանգիստ, հոգիդ խաղաղ թե նրանց միջից անցնես, բոլորը կլռեն, և դու, անփորձանք ապարանքին կհասնես: Անձեռակերտ, լուսեղեն ապարանքի  դռների երկու կողմերում կտեսնես պահապաններ խոյին ու առյուծին: Խոյի առջև միս է դրված, առյուծի առջև` խոտ: Դու տեղերը կփոխես. միսը կվերցնես, առյուծի առաջը կդնես, խոտը կվերցնես, խոյին կտաս, ճամփա կտան, կանցնես : Կմոտենաս ապարանքի դռներին, կտեսնես` դռան մի փեղկը փակ է, մյուսը` բաց: Բաց դուռը կփակես, փակը կբանաս ու ներս կմտնես: Կանցնես յոթ վարագույրներից: Էնտեղ` յոթ վարագույրների հետևում, անպարան կախված ոսկե վանդակի մեջ երգում է Հազարան Հավքը և երգի հետ մշտադալար վարդի փնջեր է թափում բերանից: Հազարան Հավքի մոտ` իր լուսեղեն անկողնում, քնած է նրա չքնաղ Տիրուհին: Վանդակը կվերցնես ու դուրս կգաս, միայն լավ իմացիր ու միշտ միտդ պահիր, հիշիր, որ չլինի թե նայես Տիրուհուն կամ մոտ գնաս. ոչ մի սիրտ, ոչ մի հոգի չի դիմանա նրա տարաշխարհիկ գեղեցկությանը: Կկախարդվես նրա գեղեցկության թովչանքից ու կզրկվես էն Հավքից ու քո կյանքից: Երբ վանդակը ձեռքիդ դուրս գալու լինես, հողը, ջուրը, օդը, կրակը հետևիցդ ձեն կտան.
-Տարա¯վ, տարա¯վ, հողածինը տարա¯վ հրեղենի¯ն:
Դու հետ չնայես, թե չէ դարձյալ քո մահն է: Էսպես պատմեց, խրատեց Արեգին Աժդահեն ու ճանապարհ դրեց:

ԱՐԵԳԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգն Աստված կանչեց ու գնաց:
-Հե¯յ, Կախարդական աշխարհ, ո՞ւր ես, քեզ եմ գալի: Գնա¯ց, գնա¯ց Արեգը, հասավ Սև-սև քարերին: Ի¯նչ զարհուրելի, ի¯նչ անմարդկային ձեներ հանեցին Սև-սև քարերը: Տեսան, որ Արեգը հետ չի նայում, գոռացին.
-Բռնեցի¯նք, ըհը, բռնեցի¯նք:
Էլ ճղճղացին, էլ հարազատների ձեներով աղերսագին օգնություն կանչեցին… Արեգն առանց հետ նայելու անցավ, ու ձեները լռեցին: Գնա¯ցգ հասավ Լեղի գետին, խմեց գետից ու բացականչեց.
— Ա¯խ, ի¯նչ անմահական ջուր է,- ու գետն անց կացավ: Մտավ անծայրածիր փշոտ անապատը, ոտքերն արյունոտելով` փշերի միջով առաջ անցավ, մի փուշ պոկեց, հոտ քաշեց ու ասաց.
— Ա¯խ, ի¯նչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ անցավ, հեռվում երևաց Հազարան Հավքի Տիրուհու լուսեղեն, անձեռակերտ ապարանքը: Հանկարծ Արեգի առաջը կտրեցին խեղկատակներն ու ծաղրածուները ու էն տեսակ բաներ արեցին, օյիններ խաղացին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում խնդացին: Արեգը լուռ ու հանգիստ առաջ անցավ: Տեսան, որ չկարողացան ծիծաղեցնել, ուշքն ու միտքը խլել, սկսեցին հայհոյել, թքել, ծաղրել, թե` մի սրան տեսեք, սա՞ է ուզում Հազարան Հավքը տանել…
Արեգը սիրտը սևացրեց, հանգիստ ու խաղաղ անցավ նրանց միջով: Ձայները լռեցին, ու խեղկատակները չքվեցին: Հասավ Արեգն անձեռակերտ, լուսեղեն ապարանքին: Տեսավ պահապաններ խոյին ու առյուծին: Միսը վերցրեց խոյի առջևից, տվեց խոյին ու անվնաս առաջ անցավ: Մոտեցավ դռներին: Բաց դուռը փակեց, փակ դուռը բացեց, մտավ Տաճարից ներս, անցավ յոթ վարագույրների միջով ու հայտնվեց Կախարդական աշխարհի Տիրուհու սենյակում:

ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ ԵՎ ՉՆԱՇԽԱՐՀԻԿ ՏԻՐՈՒՀԻՆ

Էնտեղ` ոսկի մահճակալի վրա` լուսեղեն անկողնում, քնած էր հրաշագեղ Տիրուհին: Նրա ճակատին աստղ էր փայլում, կրծքին` մահիկաձև լուսինը, գլխավերևում վառված էր ոսկե մոմակալով մոմը, ոտքերի տակ` արծաթե մոմակալով մոմը, մատին մատանի կար: Աղջկա գլխավերևում առանց պարանի կախված ոսկե վանդակի միջին երգում էր Հազարան Հավքը, ու նրա երգի հետ մշտադալար բուրյան վարդի փնջեր էին թափվում բերանից: Արեգը մոտեցավ, որ վերցնի վանդակը ու չդիմացավ. ինքն իրեն մտածեց, թե` էս Հավքն է, որ արդեն տանում եմ, արի մի տեսնեմ` ինչ արարած է էս անկողնում քնածը: Եվ Արեգը նայեց: Նայեց, ու գլուխը պտտվեց. տեսավ մի հրեղեն, հրաշագեղ, աննման աղջիկ մուշ-մուշ քնել է ու շիկնել: Երջանկության բուրմունքով լցվել էր ապարանքը: Հազարան Հավքի թովչանքով լցվել էր ապարանքը: Հազարան Հավքի թովչական ձայնից ու աղջկա երկնային գեղեցկությունից ինքն իրեն մոռացավ: Էլ ավելի մոտեցավ, նայեց. վերմակը հետ է գցված կրծքից, դուրս է հանել հոլանի թևերը, կուսական մարմինը շնչում է գերբնական գեղեցկությամբ ու թարմությամբ: Արեգն սկսեց աղջկա շորերը քանդել. մեկը բաց արեց, տեսավ մյուսը տակին, այս էլ բաց արեց, տեսավ չի վերջանում… Իր ոսկի մատանին ճկույթից հանեց, դրեց աղջկա մատին, աղջկա մատանին հանեց, դրեց իր մատին: Գլուխը խոնարհեց ու համբուրեց թշից. երեսն էնքան քնքուշ էր, որ համբույրի տեղը նշան մնաց : Հանկարծ Արեգը ուշքի եկավ, հիշեց Աժդահի խրատը, թե` չնայես ու ձեռք չտաս էն աղջկանը, թե չէ կհաղթվես ու կկորչես: Վեր առավ ոսկե վանդակը ու սուրաց դուրս: Հողը, ջուրը, օդը, հուրը սկսեցին աղաղակել.
-Բռնեք, տարա¯վ, հողածինը տարա¯վ հրեղենը:
Արեգը հետ չնայեց, սուրաց առաջ: Կրկին խեղկատակները ելան առաջը ու բղավեցին.
-Տարա¯վ, տարա¯վ հողածինը:
Արեգն անցավ առաջ, անցավ անապատը, Լեղի գետը, Սև-սև քարերը, դուրս եկավ Կախարդական աշխարհի սահմանից ու ձայն տվեց` Աժդահա¯… Աժդահեն հասավ, թե.
— Հը, բերի՞ր, թե չէ:
— Բերի:
— Ապրես, դե արի շալակս:
Շալակն առավ, տարավ իր սահմանն անց կացրեց, հասցրեց Ձկանը: Ձուկն էլ ծովով Արեգին բերեց Սպիտակ աշխարհի սահմանը, հանձնեց Քամի Ձիուն: Քամի Ձին թևն առավ, թռցրեց, տարավ հասցրեց մինչև Արեգի հոր թագավորության սահմանը: Էստեղ վար բերեց Արեգին: Արեգը Ձիու ճակատը համբուրեց, ու Քամի Ձին թռավ դեպի իր աշխարհքը: Արեգը եկավ հասավ էն ճամփաբաժանին, որտեղից երեք ուղղությամբ եղբայրները բաժանվեցին: Միտք արեց, թե` եղբայրներիս թողած` ո՞ւր գնամ, արի գնամ եղբայրներիս էլ գտնեմ, ու միասին գնանք` Հազարան Հավքը տանենք, հանձնենք մեր հորը:

ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արեգը գնաց եղբայրներին որոնելու: Շատ ման եկավ, թե քիչ, մեկին մի քաղաքում գտավ խորտկարարի մոտ ծառայելիս, մյուսին մի ուրիշ երկրում գտավ մրգավաճառի մոտ: Ցույց տվեց Հազարան Հավքը, ու երեքը միասին ճանապարհ ընկան դեպի իրենց տուն: Ճանապարհին Արեգն ասաց, որ հաց չի կերել, քաղցած է և խնդրեց եղբայրներին, որ հաց տան իրեն:
— Դե, Հազարան Հավքը մեզ տուր, հաց տանք,- առաջարկեցին եղբայրները:
— Ահա, ձեզ Հազարան Հավքը,- ասաց Արեգը,- մի՞թե մեկ չի, թե դուք տարած, թե` ես: Եղբայրները Հազարան Հավքը առան ու մի աղի հաց տվեցին Արեգին: Աղի հացն ուտելուց հետո ծարավից չորացավ Արեգի բերանը, ջուր ուզեց:
— Ահա, էստեղ ճանապարհին ջրհոր կա, եկ գնանք, էնտեղից ջուր հանենք, խմիր,- ասացին եղբայրներն ու Արեգին տարան մի խոր ջրհորի մոտ:
— Հիմա ո՞վ պետք է իջնի,- տարակուսելով ասաց մեծ եղբայրը,- ես ոչ ծարավ եմ, ոչ էլ կիջնեմ:
— Ես էլ չեմ կարող,- ասաց մյուսը:
— Ես կերթամ,- ասաց Արեգը,- ջուր կհանեմ ինձ համար էլ, ձեզ համար էլ: Միայն դուք պարանի ծայրը բռնեք:
— Լավ, մենք պարանի ծայրը կպահենք,- ասացին եղբայրներն ու Արեգին կախ արին ջրհորը: Հենց իջավ թե չէ, պարանը կտրեցին, Հազարան Հավքն առան, ճանապարհ ընկան: Արեգին թողին ջրհորի մեջ, թե` չգա պարծենա, որ ինքն է գտել Հազարան Հավքը, իսկ մենք խորտկարար ու մրգավաճառ էինք : Լուր տվին Արան թագավորին, թե որդիքդ Հազարան Հավքը գտել են, բերում են: Թագավորը մեծ հանդեսներով դուրս եկավ որդիների առաջը, տեսավ` ճշմարիտ որ Հազարան Հավքը բերել են: Շատ ուրախացավ Հազարան Հավքի համար, բայց երբ իմացավ, որ փոքր որդին կորել է, անպատմելի տխրեց: Եղբայրներն ասացին, որ իրենց տերության սահմանից դուրս գալու օրից նրանից լուր չունեն: Մեծ հանդեսով ու ծեսով բերին Հազարան Հավքը ոսկե վանդակով կախ արին չորացած այգում, բայց ոչ թռչունը երգեց, ոչ այգին կանաչեց: Թագավորի հրամանով եկան, հավաքվեցին երկրի իմաստունները, բայց ոչինչ չհասկացան: Էն ժամանակ կրկին հայտնվեց անծանոթ ծերունին և ասաց.
— Էս թռչունին տեր էլ կա, մինչև տերը չգա, Հազարան Հավքը չի երգի,- ասաց ու դարձյալ աներևութացավ, քամի դարձավ, չքվեց: Որտե՞ղ կլինի սրա տերը, որտե՞ղ չի լինի: Իհարկե, ով որ թռչունը բերել է, տիրոջ տեղն էլ նա կիմանա: Հարցրին թագավորի որդիներին: Նրանք թե` մի անտառում անտեր-անտիրական ոսկե վանդակով կախ արած էր, վերցրինք բերինք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s