Posted in ՄԱՅՐԵՆԻ, ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հազարան հավք»

ԱՐԵԳԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգն Աստված կանչեց ու գնաց:
-Հե¯յ, Կախարդական աշխարհ, ո՞ւր ես, քեզ եմ գալի: Գնա¯ց, գնա¯ց Արեգը, հասավ Սև-սև քարերին: Ի¯նչ զարհուրելի, ի¯նչ անմարդկային ձեներ հանեցին Սև-սև քարերը: Տեսան, որ Արեգը հետ չի նայում, գոռացին.
-Բռնեցի¯նք, ըհը, բռնեցի¯նք:

Էլ ճղճղացին, էլ հարազատների ձեներով աղերսագին օգնություն կանչեցին… Արեգն առանց հետ նայելու անցավ, ու ձեները լռեցին: Գնա¯ցգ հասավ Լեղի գետին, խմեց գետից ու բացականչեց.
— Ա¯խ, ի¯նչ անմահական ջուր է,- ու գետն անց կացավ: Մտավ անծայրածիր փշոտ անապատը, ոտքերն արյունոտելով` փշերի միջով առաջ անցավ, մի փուշ պոկեց, հոտ քաշեց ու ասաց.
— Ա¯խ, ի¯նչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ անցավ, հեռվում երևաց Հազարան Հավքի Տիրուհու լուսեղեն, անձեռակերտ ապարանքը: Հանկարծ Արեգի առաջը կտրեցին խեղկատակներն ու ծաղրածուները ու էն տեսակ բաներ արեցին, օյիններ խաղացին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում խնդացին: Արեգը լուռ ու հանգիստ առաջ անցավ: Տեսան, որ չկարողացան ծիծաղեցնել, ուշքն ու միտքը խլել, սկսեցին հայհոյել, թքել, ծաղրել, թե` մի սրան տեսեք, սա՞ է ուզում Հազարան Հավքը տանել…
Արեգը սիրտը սևացրեց, հանգիստ ու խաղաղ անցավ նրանց միջով: Ձայները լռեցին, ու խեղկատակները չքվեցին: Հասավ Արեգն անձեռակերտ, լուսեղեն ապարանքին: Տեսավ պահապաններ խոյին ու առյուծին: Միսը վերցրեց խոյի առջևից, տվեց խոյին ու անվնաս առաջ անցավ: Մոտեցավ դռներին: Բաց դուռը փակեց, փակ դուռը բացեց, մտավ Տաճարից ներս, անցավ յոթ վարագույրների միջով ու հայտնվեց Կախարդական աշխարհի Տիրուհու սենյակում:

ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ ԵՎ ՉՆԱՇԽԱՐՀԻԿ ՏԻՐՈՒՀԻՆ

Էնտեղ` ոսկի մահճակալի վրա` լուսեղեն անկողնում, քնած էր հրաշագեղ Տիրուհին: Նրա ճակատին աստղ էր փայլում,  կրծքին` մահիկաձև լուսինը, գլխավերևում վառված էր ոսկե մոմակալով մոմը, ոտքերի տակ` արծաթե մոմակալով մոմը, մատին մատանի կար: Աղջկա գլխավերևում առանց պարանի կախված ոսկե վանդակի միջին երգում էր Հազարան Հավքը, ու նրա երգի հետ մշտադալար բուրյան վարդի փնջեր էին թափվում բերանից: Արեգը մոտեցավ, որ վերցնի վանդակը ու չդիմացավ. ինքն իրեն մտածեց, թե` էս Հավքն է, որ արդեն տանում եմ, արի մի տեսնեմ` ինչ արարած է էս անկողնում քնածը: Եվ Արեգը նայեց: Նայեց, ու գլուխը պտտվեց. տեսավ մի հրեղեն, հրաշագեղ, աննման աղջիկ մուշ-մուշ քնել է ու շիկնել: Երջանկության բուրմունքով լցվել էր ապարանքը: Հազարան Հավքի թովչանքով լցվել էր ապարանքը: Հազարան Հավքի թովչական ձայնից ու աղջկա երկնային գեղեցկությունից ինքն իրեն մոռացավ: Էլ ավելի մոտեցավ, նայեց. վերմակը հետ է գցված կրծքից, դուրս է հանել հոլանի թևերը, կուսական մարմինը շնչում է գերբնական գեղեցկությամբ ու թարմությամբ: Արեգն սկսեց աղջկա շորերը քանդել. մեկը բաց արեց, տեսավ մյուսը տակին,  այս էլ բաց արեց, տեսավ չի վերջանում… Իր ոսկի մատանին ճկույթից հանեց, դրեց աղջկա մատին,  աղջկա մատանին հանեց, դրեց իր մատին: Գլուխը խոնարհեց ու համբուրեց թշից. երեսն էնքան քնքուշ էր, որ համբույրի տեղը նշան մնաց : Հանկարծ Արեգը ուշքի եկավ, հիշեց Աժդահի խրատը, թե` չնայես ու ձեռք չտաս էն աղջկանը, թե չէ կհաղթվես ու կկորչես: Վեր առավ ոսկե վանդակը ու սուրաց դուրս: Հողը, ջուրը, օդը, հուրը սկսեցին աղաղակել.
-Բռնեք, տարա¯վ, հողածինը տարա¯վ հրեղենը:
Արեգը հետ չնայեց, սուրաց առաջ: Կրկին խեղկատակները ելան առաջը ու բղավեցին.
-Տարա¯վ, տարա¯վ հողածինը:
Արեգն անցավ առաջ, անցավ անապատը, Լեղի գետը, Սև-սև քարերը, դուրս եկավ Կախարդական աշխարհի սահմանից ու ձայն տվեց` Աժդահա¯… Աժդահեն հասավ, թե.
— Հը, բերի՞ր, թե չէ:
— Բերի:
— Ապրես, դե արի շալակս:
Շալակն առավ, տարավ իր սահմանն անց կացրեց, հասցրեց Ձկանը: Ձուկն էլ ծովով Արեգին բերեց Սպիտակ աշխարհի սահմանը, հանձնեց Քամի Ձիուն: Քամի Ձին թևն առավ, թռցրեց, տարավ հասցրեց մինչև Արեգի հոր թագավորության սահմանը: Էստեղ վար բերեց Արեգին: Արեգը Ձիու ճակատը համբուրեց, ու Քամի Ձին թռավ դեպի իր աշխարհքը: Արեգը եկավ հասավ էն ճամփաբաժանին, որտեղից երեք ուղղությամբ եղբայրները բաժանվեցին: Միտք արեց, թե` եղբայրներիս թողած` ո՞ւր գնամ, արի գնամ եղբայրներիս էլ գտնեմ, ու միասին գնանք` Հազարան Հավքը տանենք, հանձնենք մեր հորը:

ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արեգը գնաց եղբայրներին որոնելու: Շատ ման եկավ, թե քիչ, մեկին մի քաղաքում գտավ խորտկարարի մոտ ծառայելիս, մյուսին մի ուրիշ երկրում գտավ մրգավաճառի մոտ: Ցույց տվեց Հազարան Հավքը, ու երեքը միասին ճանապարհ ընկան դեպի իրենց տուն: Ճանապարհին Արեգն ասաց, որ հաց չի կերել, քաղցած է և խնդրեց եղբայրներին, որ հաց տան իրեն:
— Դե, Հազարան Հավքը մեզ տուր, հաց տանք,- առաջարկեցին եղբայրները:
— Ահա, ձեզ Հազարան Հավքը,- ասաց Արեգը,- մի՞թե մեկ չի, թե դուք տարած, թե` ես: Եղբայրները Հազարան Հավքը առան ու մի աղի հաց տվեցին Արեգին: Աղի հացն ուտելուց հետո ծարավից չորացավ Արեգի բերանը, ջուր ուզեց:
— Ահա, էստեղ ճանապարհին ջրհոր կա, եկ գնանք, էնտեղից ջուր հանենք, խմիր,- ասացին եղբայրներն ու Արեգին տարան մի խոր ջրհորի մոտ:
— Հիմա ո՞վ պետք է իջնի,- տարակուսելով ասաց մեծ եղբայրը,- ես ոչ ծարավ եմ, ոչ էլ կիջնեմ:
— Ես էլ չեմ կարող,- ասաց մյուսը:
— Ես կերթամ,- ասաց Արեգը,- ջուր կհանեմ ինձ համար էլ, ձեզ համար էլ: Միայն դուք պարանի ծայրը բռնեք:
— Լավ, մենք պարանի ծայրը կպահենք,- ասացին եղբայրներն ու Արեգին կախ արին ջրհորը: Հենց իջավ թե չէ, պարանը կտրեցին, Հազարան Հավքն առան, ճանապարհ ընկան: Արեգին թողին ջրհորի մեջ, թե` չգա պարծենա, որ ինքն է գտել Հազարան Հավքը, իսկ մենք խորտկարար ու մրգավաճառ էինք : Լուր տվին Արան թագավորին, թե որդիքդ Հազարան Հավքը գտել են, բերում են: Թագավորը մեծ հանդեսներով դուրս եկավ որդիների առաջը, տեսավ` ճշմարիտ որ Հազարան Հավքը բերել են: Շատ ուրախացավ Հազարան Հավքի համար, բայց երբ իմացավ, որ փոքր որդին կորել է, անպատմելի տխրեց: Եղբայրներն ասացին, որ իրենց տերության սահմանից դուրս գալու օրից նրանից լուր չունեն: Մեծ հանդեսով ու ծեսով բերին Հազարան Հավքը ոսկե վանդակով կախ արին չորացած այգում, բայց ոչ թռչունը երգեց, ոչ այգին կանաչեց: Թագավորի հրամանով եկան, հավաքվեցին երկրի իմաստունները, բայց ոչինչ չհասկացան: Էն ժամանակ կրկին հայտնվեց անծանոթ ծերունին և ասաց.
— Էս թռչունին տեր էլ կա, մինչև տերը չգա, Հազարան Հավքը չի երգի,- ասաց ու դարձյալ աներևութացավ, քամի դարձավ, չքվեց: Որտե՞ղ կլինի սրա տերը, որտե՞ղ չի լինի: Իհարկե, ով որ թռչունը բերել է, տիրոջ տեղն էլ նա կիմանա: Հարցրին թագավորի որդիներին: Նրանք թե` մի անտառում անտեր-անտիրական ոսկե վանդակով կախ արած էր, վերցրինք բերինք:

ԱՐԵԳԸ ՄՈՒԹ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Լուրը տանք մեր Արեգից: Արեգը հորն ընկավ, տեսավ` ի¯նչ հոր` մի ահագին խավար անդունդ, մի մո¯ւթ աշխարհք: Մոլորված առաջ էր գնում« հանկարծ տեսավ մի ահագին վիշապ օձ փաթաթվել է ծառի բնին, ուզում է բարձրանալ վերև, իսկ էնտեղ անմեղ, անփետուր արծվի ձագերը զարհուրած ճվճվում են: Արեգը էլ ժամանակ չտվեց. սուրը հանեց, հարձակվեց: Կտոր-կտոր արեց դաժան վիշապին, կուտակեց ծառի տակ ու ինքը հոգնած պառկեց, որ մի քիչ քնի: Հանկարծ ֆշշոցն աշխարհքը բռնեց, անդունդները որոտացին, հզոր հողմ բարձրացավ.
էդ Զմրուխտ արծիվն էր գալիս ձագերի մոտ: Նա ամեն տարի ձագ էր հանում բարձր ժայռի վրա, բայց վիշապը գալիս էր ուտում արծվի ձագերին, և մայր արծիվը կարոտ էր մնում, որ մի անգամ հասցնի ու թռցնի կամ գոնե աչքով տեսնի իր թշնամուն: Այս անգամ հեռվից նկատեց, որ մի սև բան ընկած է ծառի տակին: Ծվաց ու վրա տվեց, որ ծվիկ-ծվիկ անի քնած Արեգին: Ձագերը բնից ծլվլոցը կապեցին, թե` դրան վնաս չտաս, այ մեր. դա մեր փրկիչն է: Նայիր էն կողմը. վիշապն ուզում էր մեզ ուտել, դա սպանեց ու էնտեղ թափեց վիշապին: Զմրուխտ արծվի ծղրտոցից վեր թռավ Արեգը: Վեր նայեց, տեսավ Զմրուխտ արծվի կապույտ թևերը` իր գլխի վերևը փռված, տարածված մութ աշխարհքով մեկ, ու սարսափեց:
— Մի վախենար, քաջ տղա,- ձայն տվեց Զմրուխտ արծիվը,- դու իմ անմեր-անօգնական ճուտերին ազատել ես էս գարշելի վիշապից, սրանից հետո իմ ճուտերին վնաս չկա: Ասա տեսնեմ` ինչ կուզես ինձանից, որ քեզ տամ:
— Ինձ էս մութ աշխարհքից հանի լուս աշխարհք,- խնդրեց Արեգը:
— Մութ աշխարհք ընկնելը հեշտ է ու կարճ, դուրս գալը դժվար է ու երկար,  բայց քո արած լավությունը չափ չունի: Դե արի թևս, նստիր մեջքիս ու ամուր բռնվիր,- ասաց Զմրուխտ արծիվն ու Արեգին առավ, ծվաց, թռա¯վ վե¯ր, վե¯ր ու մութ աշխարհքից դուրս հանեց Արեգին : Արեգը լուս աշխարհ դուրս եկավ, շնորհակալություն հայտնեց, մնաս բարով արեց Զմրուխտ արծվին ու ճամփա ընկավ դեպի իր հոր թագավորությունը: Ճանապարհին մի աղքատ մարդու հանդիպեց, իր լավ շորերը տվեց աղքատին, աղքատի շորերը հագավ ու էդպես ծպտված մտավ հոր քաղաքը: Գնաց մի անշուք տան դուռը ծեծեց: Դուռը բաց արեց մի պառավ:
— Նանի, օտարական եմ, տեղ կտա՞ս քնելու,- խնդրեց Արեգը:
— Արի, ներս արի, որդի,- ասաց պառավը,- ես էլ որդի չունեմ, դու ինձ որդի կլինես, ես էլ քեզ` մեր: Արեգն էդ գիշեր պառավ նանից իմացավ, որ Հազարան Հավքը բերել են, բայց չի երգում, ասում են, թե Հավքը տեր ունի, տերն էլ պետք է գա, որ երգի: Լուսաբացին Արեգը տանից դուրս եկավ, գնաց քաղաքում ման եկավ, մի հացթուխի մոտ գործի անցավ, դարձավ հացթուխ:

ՏԻՐՈՒՀԻՆ ՓՆՏՐՈՒՄ Է ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ

Լուրը տանք Կախարդական աշխարհի Տիրուհուց: Հե¯յ գիտի Կախարդական աշխարհի հրաշագեղ Տիրուհի. զարթնեց խոր քնից: Զարթնեց` ի¯նչ տեսնի. իր շորերը տակն ու վրա եղած, թուշը այրում է համբույրի տեղը: Նայեց հայելուն, համբույրի տեղը տեսավ, նայեց վերև` Հազարան Հավքը չկա¯… Ծղրտաց, ճչաց.
— Հավքս տարա¯ն, հող,  ջուր, օդ, հուր, Հազարան Հավքը տարա¯ն, ինչո՞ւ ձայն չտվիք …
— Ինչքան ճչացինք` տարա¯վ, տարա¯վ, դռները չբռնեցին:
— Դռնե¯ր,- ծղրտաց,- ինչո՞ւ չբռնեցիք:
Դռները թե` Աստված նրա հետ, էսքան տարի բաց էինք, փակեց, փակ էինք, բաց արեց, ինչո՞ւ բռնեինք: Ապարանքից դուրս վազեց, ճչաց.
— Առյո¯ւծ, Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ ճամփա տվիր:
Առյուծը թե` օրհնվի նրա ճամփեն. էսքան տարի դու առաջս խոտ էիր ածել, միսն աչքիս առաջին դրել: Նա միսն ինձ տվեց, խոտը վեր կալավ, ինչպե՞ս ճամփա չտայի:
-Խո¯յ,- ճչաց,- Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ թողիր:
Խոյը թե` ես միս ուտո՞ղ էի, որ էսքան տարի առաջիս միս էիր դրել: Նա հազիվ միսն առաջիցս վեր կալավ, խոտ տվեց, ինչպե՞ս չթողնեի:
— Այ օյինբազ խեղկատակներ,- ասաց,- ձեզ պահապան եմ դրել, որ Հազարան Հավքը հողածինները չհափշտակեին, էդ ինչպե՞ս տարան ձեր միջից: Խեղկատակները թե` մենք ի՞նչ անենք, մեր վրա մինչև անգամ չնայեց:
— Հուր ու փշոտ անծայրածիր անապատ, ինչո՞ւ թողիր:
— Փուշս քաղեց, հոտ քաշեց ու գովեց. Ի¯նչ անուշ է,- ասաց,- ինչո՞ւ չթողնեի:
— Աղի-լեղի թունավոր գետ, ինչո՞ւ թողեցիր…
— Աղի-լեղի թունավոր ջուրս խմեց ու գովեց, ասաց. ՙԱ¯խ« ի¯նչ անմահական ջուր է՚,- ինչպե՞ս չթողնեի:
— Սև-սև քարեր, Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ քար չդարձրիք հողածնին…
— Մենք ի՞նչ անենք, ինչքան ու ինչ ձեն ասես, որ չհանեցինք, ինչ տեսակ ասես չկանչեցինք, նա ոչ մի անգամ հետ չնայեց, ինչպե՞ս քար դարձնեինք:
Էստեղ աղջիկը մի կախարդական մեծ թուղթ ու գիր` թալիսման արեց, թուղթը ծակեց, անցկացրեց մեջքը, բերեց ծծերից ներքև ամրացրեց: Թղթի չորս կողմին գիր գրեց: Էս թուղթ ու գիրը դրան բարձրացրեց հանեց երկնքի երեսը: Էսպես թռա¯ծ` հասավ Աժդահին, ասաց.
— Աժդահա, Հազարան Հավքը դեսն անց է կացել. կամ տուր, կամ տեղն ասա, թե չէ մեծ կտորդ ականջդ եմ թողնում:
Աժդահեն թե` ես ի՞նչ անեմ, ես Աժդահա եմ գետնի երեսին, նա քեզ պես` երկնքումը, թռավ, դենը գնաց: Աղջիկը թռա¯վ, եկավ Ձկան մոտ:
— Ձուկ, Հազարան Հավքը դեսն անց է կացել. կամ տուր, կամ տեղն ասա, թե չէ կտոր-կտոր եմ անում քեզ:
Ձուկը թե` ես ի՞նչ անեմ, ես Ձուկն եմ ծովի միջին, նա քեզ պես` երկնքումը, թռավ, դենը տարավ: Էստեղից էլ անց կացավ Տիրուհին, թռա¯վ-եկավ Արան թագավորի քաղաքի մոտ, վայր եկավ:

ՏԻՐՈՒՀՈՒ ԶՈՐՔԸ ՊԱՇԱՐՈՒՄ Է ԱՐԱՆ ԹԱԳԱՎՈՐԻ ՔԱՂԱՔԸ

Թագավորի քաղաքի մոտ աղջիկը թուղթ ու գրերը քանդեց ու մի նոր էնպիսի գիր արեց, որ քաղաքին երևաց, թե երեք կարգ զորքով քաղաքը պաշարված է: Եկան, թագավորին հայտնեցին, թե քաղաքը պաշարված է. եթե դու թշնամի ունես, ինչո՞ւ չես արթուն մնում: Թագավորն եկավ աղջկա մոտ, թե` ի՞նչ ես ուզում ինձանից ու իմ երկրից:
— Իմ Հազարան Հավքը էստեղ է, տուր, թե չէ քաղաքիդ վրա կրակ եմ թափում, հետո էլ ջուր եմ շինում քաղաքդ,- սպառնաց Տիրուհին :
Թագավորը գնաց, մեծ ու միջնեկ տղաներին կանչեց, ասաց.
— Այ որդիք, Հազարան Հավքի տերն եկել է. գնացեք, տեսնեմ` ինչ պատասխան եք տալիս: Միջնեկ ախպերն ասաց, թե` ես կերթամ: Մեծը թե` քո բանը չի, ես կերթամ ու տես` ինչ եմ անում: Հազարան Հավքի Տիրուհին երկու արաբ դռնապան էր կանգնեցրել իր վրանի շեմքում ու պատվիրել, թե` մտնողը եթե իմ ասած մարդը կլինի, լավ, թե չէ, որ աչքով անեմ` տվեք ատամները փորն ածեք: Մեծ ախպերն եկավ աղջկա մոտ, բարև տվին, բարև առան: Աղջիկը հարցրեց.
— Այ տղա, Հազարան Հավքը դո՞ւ ես բերել: Տղեն թե` ես եմ բերել:
— Որտեղի՞ց բերիր:
Թե` մի շուկայում վաճառում էին, առա, բերի: Էստեղ Հազարան Հավքի Տիրուհին, որ աչքով արեց արաբներին, տվին թագավորի մեծ տղի ատամները փշրին, փորն ածին ու էդպես խայտառակված ճանապարհ դրին: Հիմա էլ միջնեկ ախպերն եկավ: Սա էլ ասաց, թե` մի անտառում վանդակով կախ արած էր, վերցրի, բերի: Սա էլ մեծ ախպոր նման ատամները փշրված հետ եկավ:

ԱՐԵԳԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԵՐԸ

Լուրը հասավ Արեգին՝ թե Հազարան Հավքի Տիրուհին եկել է ու Հավքը բերողին ու Հավքն է պահանջում: Արեգը հացատնից ալրոտ դուրս եկավ ու գնաց իր հոր պալատը: Թագավորը« երբ փոքր տղին տեսավ,  ո¯նց զարմացավ ու ուրախացա¯վ, հասավ կարոտով գրկեց Արեգին, համբուրեց ճակատը, հետո հառաչեց ու հայտնեց, որ իրենց քաղաքը վտանգի մեջ է:
— Ես եմ բերել Հազարան Հավքը, ես էլ Տիրուհուն պատասխան կտամ,- ասաց Արեգն ու պատմեց իր գլխի եկածը, թե ինչպես է բերել Հավքը, թե ինչ անգութ են եղել իր եղբայրները: Ամենքը զարմացան ու չհավատացին:
— Եթե էդպես է, եթե դու ես բերել Հազարան Հավքը,- ասաց Արան թագավորը,- դե արագ գնա, պատասխան տուր Հավքի Տիրուհուն ու իրեն էլ բեր, որ թռչունը երգի: Արեգը դեռ ճամփի փոշին վրայից թափ չտված` ճանապարհ ընկավ դեպի Տիրուհու վրանը: Գնաց, տեսավ Հազարան Հավքի հրաշագեղ Տիրուհին տխուր-տրտում, մոլորված նստել է իր վրանում: Գալուն պես ասաց.
— Բարով, սիրուն աղջիկ,- ու ծիծաղեց: Աղջիկը թե` այ տղա, բարևը ասենք Աստծունն է, ծիծաղդ էլ ինչ էր:
— Ոչինչ,- ասաց Արեգը,- ճանապարհին գալիս մի աննման աղջիկ տեսա` ներքին ու վերին շորերը քանդած, տակն ու վրա արած, հանած, ոտքերն ընկած, թուշին էլ` խալ. երեսն էնքան քնքուշ էր, որ համբույրիս տեղը նշան մնաց… Էստեղ Տիրուհին իսկույն իմացավ, որ սա ինքն է Հազարան Հավքը բերողը դեռ իր մատանին էլ տեսավ Արեգի մատին:
— Այ տղա,- ասաց,- հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող էնտեղ հասնել, դու ինչպես ես չորս սահման անց կացել, հասել ինձ մոտ, պատմիր լսեմ: Արեգը նայեց անտես- աննման, չնաշխարհիկ Տիրուհու` երկնքի նման անհուն ու անծիր աչքերին, նայեց ճակատին վառվող լուսե աստղին, առաջ եկավ ու ասաց.
— Սև աշխարհն անցա, Սև դևին հաղթեցի, Կապույտ աշխարհն անցա, զարհուրելի Երկաթե Ձեռքը խորտակեցի,  Կարմիր աշխարհն անցա, բոցերի ու մոխիրների միջից գարշելի Քավթառ Քուրսիին հաղթեցի, ահ ու երկյուղ չզգացի. ժողովուրդներ ազատեցի ու նրանց վայելքներից հրաժարվեցի, սարսափներին ու դառնություններին դիմացա, բոլորին հաղթեցի, միայն քո անտես-աննման տեսքին չդիմացա, միայն քեզանից հաղթվեցի.
Ու ես չեմ եկել թևով թռչունի,
Ոչ մարդու ոտով, ոչ օձի պորտով,
Նրանցից ոչ մեկն էն ուժը չունի,
Թռել եկել եմ ես քո կարոտով:
Խոր ծովեր անցա. ալիք ու փրփուր լվանում էին երեսն երկնքի։
Անդունդներ թռա` անտակ խորքերից
Վեր էին հառնում ձայներ դժոխքի:
Անցա փշալի անկոխ անապատ
Ու վարդի բուրմունք առա տատասկից
Էն Լեղի գետից անցա անվհատ.
Խմեցի լեղին` դառն համ չզգացի:
Հաղթեցի դևին
Սև-սև քարերին.
Ժանտ օյիններին խեղկատակների
Տարա սարսափը Առյուծի ահեղ
Հաղթեցի անմահ չորս տարերքներին…
Բոլորը անցա, ամենն հաղթեցի
Բայց չկարացի հաղթել քո սերին:
Տիրուհի, ահա եկել եմ կրկին…
Չի երգում առանց քեզ Հավքը Հազարան
Չի թափում բուրյան վարդը երկնքի.
Այգիս մացառ է, ու մարդիկ` գազան:
Լույս աշխարհ ելել, եկել եմ կրկին
Ոչ հավքի թևով, ոչ մարդու ոտով
Եկել եմ թռած քո սիրով միայն
Քո սիրով,  քո մեծ ու սուրբ կարոտով:
Արի, աննման, չքնաղ Տիրուհի,
Որ Հավքդ երգի հազարան խաղով
Փուշը վարդ փոխի երգով թովչական
Ու գազանը` մարդ-բանական հոգով:
Արեգի պատմությունն ու խոսքը հուզեցին աղջկա սիրտը:
— Լսիր, աննման տղա,- ասաց աղջիկը,- մարդիկ ապականել էին ամբողջ աշխարհը և միայն իմ երկյուղից չէին գալիս Կախարդական աշխարհ: Դու որ անցար բոլոր փորձանքների միջով, հաղթեցիր դևերին ու հրեշներին, դու որ կարողացար թափանցել հողեղենին անհաս Կախարդական աշխարհի Տաճարը ու Հազարան Հավքը բերել, դու որ սիրեցիր ինձ հրեղեն սիրով, կախարդանքն էլ քանդվեց. տես քո հոր քաղաքը պաշարած զորքն էլ չքվեց: Ահա, ես էլ քոնն եմ,- կանչեց աղջիկը ու գիրկը պարզեց: Արեգն առաջ եկավ, գլուխը խոնարհեց ու համբուրեց աղջկա սիրտը, աղջիկն էլ համբուրեց Արեգի ճակատը, ու պինդ գրկեցին իրար: Հետո ձեռք ձեռքի տվեցին ու գնացին քաղաք:

ԾԱՂԿԱԾ ԱՅԳԻՆ ԵՎ ԱՐԵԳ ԹԱԳԱՎՈՐԸ

Արան թագավորն իր ժողովրդով,  հանդեսներով ու օրհնություններով ելավ Արեգին ու Տիրուհուն ընդառաջ: Ելան տեսան ի¯նչ սիրուն, ի¯նչ հրեղեն աղջիկ… արևին ասում է, թե` դու մայր մտի, ես քո փոխարեն լուս կտամ: Գնացին Այգին: Մութուլուսին-բարի լուսուն Հազարան Հավքը երգեց ու մշտադալար բուրյան վարդի փնջեր թափեց բերանից: Ու ի¯նչ հրաշք. Այգին կանաչեց, ծաղկեց առաջվանից էլ շքեղ, լի փարթամ հազարաձայն ու հազարագունի: Նրանք էլ որ գազան էին դարձել, մարդիկ դարձան` բանական հոգով: Եվ ամենն ու ամենքը դարձան ասես նորից նոր ծնված, մաքուր, անմեղ ու անարատ : Արեգն ու անտես-աննման Տիրուհին ամուսնացան: Յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին Անմահական Այգում: Գուսանները լարեցին փանդիռները, զարկեցին թմբուկները, հնչեցրին փողերը ու երգեցին.
Երկներ Երկին
երկներ Երկիր
Երկներ և ծովն ծիրանի
Երկն ի ծովուն ուներ և զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելաներ
Ընդ եղեգան փող բոց ելաներ
Եվ ի բոցոյն վազեր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ
Բոց ուներ մորուս
Եվ աչքունքն էին արեգակունք:
Ծերունի Արան թագավորը իր թագավորությունը հանձնեց Արեգին: Արեգը բազմեց հոր գահին, եղավ բարի արքա ու էն երկնքի պայծառ արևի նման արարչական սիրով արդար ու բարի թագավորեց հար ու հավիտյան:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s