Հույն-պարսկական պատերազմների խոշոր ճակատամարտերից մեկը։ Տեղի է ունեցել մ.թ.ա. 490 թվականի սեպտեմբերի 12-ին, Աթենքից մոտ 42 կմ հեռավորության վրա գտնվող Մարաթոն բնակավայրի մոտ։
Մարաթոնի ճակատամարտում պարսկական բանակը ջախջախիչ պարտություն է կրում։ Միլթիադեսի գլխավորությամբ հույների և պլատեացիների միացյալ բանակը ոչնչացնում է հակառակորդի զորքի մեծ մասը։ Դա հույների առաջին հաղթանակն էր Աքեմենյան կայսրության զորքի դեմ։ Պարսիկների համար պարտությունը մեծ հետևանքներ չունեցավ. նրանց պետությունը գտնվում էր հզորության գագաթնակետին և հսկայական միջոցներ ուներ։ Այդ անհաջող արշավանքից հետո Դարեհը մեծ զորք է հավաքում ամբողջ Հունաստանը գրավելու համար։ Նրա ծրագրերին խանգարում է Եգիպտոսի՝ մ.թ.ա. 482 թվականի ապստամբությունը։ Դարեհի մահից հետո գահն անցնում է որդուն՝ Քսերքսեսին։ Ճնշելով եգիպտացիների ապստամբությունը՝ Քսերքսեսը շարունակում է նախապատրաստել Հունաստանի դեմ արշավանքը։