Հանգստի շրջանում սննդանյութերի մեծ մասը կուտակվում է բույսի արմատներում, բնի և հիմնական ճյուղերի հիմքի մասերում, հետևաբար, որպեսզի սննդանյութերի կորուստ չլինի, ծառերը էտվում են, երբ բույսերը դեռևս խորը հանգստի շրջանում են:
Երիտասարդ հասակում էտի հիմնական խնդիրը ծառերի ձևավորումն է: Ծառերի կյանքի սկզբնական շրջանում ուժեղ էտը, առանձնապես շվերի խորը կարճացումը, նպաստում է աճի ուժեղացմանը, հետաձգում պտղաբերող ճյուղերի առաջացումը և պտղաբերության շրջանի թևակոխումը: Այդ նպատակով երիտասարդ ծառերի էտը, հնարավորության սահմաններում, պետք է կատարել չափավոր կերպով: Ճյուղերի կարճացման հետ կատարել նաև նոսրացում` հեռացնելով սաղարթը խտացնող, մեկը մյուսի աճին խանգարող, սուր անկյան տակ աճող ճյուղերը:
Ձևավորման տարիներին հիմնականում կատարել ծերատում և նոսրացում, երբ շվերի աճը հասնում է 40-50 սմ-ի, իսկ մինչև 35-40 սմ աճեր ունեցողները չծերատել: Հայտնի է, որ կորիզավոր պտղատեսակներն առավելապես պտղաբերում են միամյա աճերի վրա, որոնց ուժեղ կարճացումը բացասաբար է անդրադառնում բերքատվության վրա: Այդ նկատառումով էլ հիմնականում պետք է կիրառել նոսրացնող էտ, իսկ 40-45 սմ-ից բարձր աճերը կարճացնել 1/4-1/3-ի չափով:
Բերքատվության սկզբնական շրջանում, երբ դեռևս ծառերի աճը ուժեղ է, հիմնականում կիրառվում է 40-45 սմ բարձր աճ ունեցող շվերի կարճացում՝ 1/4-1/3-ի չափով, ինչպես նաև նոսրացում: Երբ աճն աստիճանաբար սկսում է թուլանալ՝ հասնելով 30-35 սմ, անհրաժեշտ է շվերի կարճացումը դադարեցնել և կիրառել միայն նոսրացում: Իսկ երբ աճը սկսում է թուլանալ և 15-20 սմ-ից չանցնել, նորից կատարել շվերի և ճյուղերի կարճացում, նպաստելով աճի ուժեղացմանը և նոր պտղաճյուղերի առաջացմանը: