ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ
Այս թեմայում՝
Միջազգային դրությունը անկախության վերականգնման նախօրյակին:
Բյուզանդիայի՝ ազգությամբ հայ կայսեր նամակը
Աշոտ I-ին:
Աշոտ I-ի միավորիչ և խաղաղարար գործունեությունը:
Խալիֆը թագ է ուղարկում Աշոտ I-ին:
Պատմաբանի բառարան՝ բարիդրացիական,
սպարապետ, դավադրություն, վերնախավ,
աթոռանիստ:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ: ԱՇՈՏ I
Հայաստանի ներքին իրավիճակը և արտաքին հարաբերությունները անկախ թագավորության վերականգնման նախօրյակին
855 թ. Հայաստանից Բուղայի հեռանալուց հետո հայ
իշխանները փաստացի տնօրինում էին երկրի ներքին
կյանքը։ Հետզհետե հասունանում էր արաբական տիրապետությունից լիովին ազատվելու և անկախ թագավորությունը վերականգնելու գաղափարը։ Արաբական խալիֆայությունում գահակալական կռիվներ էին, բազմաթիվ
երկրամասեր ձգտում էին անկախանալ, ինչն անխուսափելիորեն բերում էր կայսրության թուլացմանը։ Հայաստանի ինքնավար դրության նկատմամբ բարեհաճ էր նաև Բյուզանդիայի վերաբերմունքը։ Բյուզանդիան, որ արդեն
ավելի քան երկու դար ծանր պայքարի մեջ էր արաբական
խալիֆայության հետ, շահագրգռված էր Հայաստանի
անկախացմամբ և այդպիսով՝ տարածաշրջանում արաբների դիրքերի թուլացմամբ։ Միաժամանակ՝ IX դարի երկրորդ կեսին բյուզանդական կայսրությունում իշխանության եկած՝ ծագումով հայ Վասիլ կայսրը բարիդրացիական հարաբերություններ հաստատեց Աշոտ Բագրատունի իշխանի հետ։ Բարենպաստ հանգամանք էր նաև այն, որ հայ Բագրատունիների մի ճյուղը հաստատվել էր Վիրքում և այնտեղ հասել ռազմաքաղաքական գերիշխանության. IX դարի վերջում նրանք Վիրքում հիմնադրեցին համանուն արքայատոհմ, որը Վրաստանը կառավարեց երկար դարեր։
Այսպիսով, արտաքին իրադրությունը նպաստավոր էր հայոց անկախ թագավորության վերականգնման գործընթաց սկսելու առումով, սակայն դրա
համար հարկավոր էր նաև համախմբել հայ իշխաններին, վերացնել նրանց միջև առկա ներքին տարաձայնություններն ու վեճերը, ինչպես նաև հաղթահարել արաբների վերջին փորձերը՝ Հայաստանը պահել իրենց
պետության կազմում։
Աշոտ Խաղաղարար
Աշոտ Բագրատունին 855 թ. արաբական իշխանության կողմից ճանաչվեց հայոց իշխան և սպարապետ, իսկ 862 թ.՝ հայոց իշխանաց իշխան։ Արաբական իշխանությունները նրան հանձնեցին Հայաստանում հարկահանության իրավունքը։ Հարկերը պակասեցին երեք անգամ, ինչը շատ կարևոր էր ժողովրդի ընդհանուր վիճակի բարելավման համար։ Աշոտ Բագրատունին
սպարապետության պաշտոնը հանձնեց եղբորը՝ Աբասին, իսկ բանակի ընդհանուր թիվը հասավ 40000-ի։
Աշոտ իշխանաց իշխանը սկսեց հայ իշխաններին հաշտեցնելու և համախմբելու գործունեություն ծավալել։ Նա Զաքարիա կաթողիկոսի հետ մեկնեց Վասպուրական և հարթեց Արծրունի իշխանների միջև առկա
վեճերը։ Ամուսնական կապերի միջոցով ամրապնդեց
իր և Բագրատունի տոհմի բարեկամությունը նույն Արծրունի և Սյունի իշխանական տների հետ։ Աշոտ Բագրատունին միջամտեց նաև վրաց իշխանների վեճերին և նրանց նույնպես հաշտեցրեց։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է Աշոտ
իշխանաց իշխանի (ապագա հայոց թագավոր Աշոտ
Ա-ի) անձնային որակների և կենցաղի նկարագրությունը պատմիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու կողմից։
Իսկ երբ իր հոր՝ Սմբատի փոխարեն Աշոտն է տիրում
հայոց սպարապետությանը, իրենից առաջ եղողներից
գրեթե ամենաբարձրը ինքն է ճանաչվում, քանի որ ընդունելով մեծարանքներ՝ արհամարհում էր անարգանքը և
միշտ իրեն վարժեցնում էր բարի կրթության ու ուսման մեջ։
Նա իր հոգու վրա ազդում էր բարվոք կերպով՝ բոլորի հետ
հաստատելով սերտ սեր։ Թշնամիների դեմ հակառակություն կամ կռիվ չէր մղում, այլ բարի խոսքերի օգնությամբ
նրանց բերում էր ճիշտ ուղղության ու իր կողմը։ Իր սնոտի
շահը իրեն վնաս էր համարում և առատաձեռն գտնվելով
բոլորի նկատմամբ՝ սիրալիր սրտով շատերի միտքն իր
կողմն էր գրավում։ Եվ այդ ամենի համար բոլորը հավանում և սիրում էին նրան։
Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն
1. Թերևս հենց այսպիսի հատկանիշներ պետք է
ունենա յուրաքանչյուր առաջնորդ, որը ցանկանում է համախմբել տարբեր ուժեր կամ մի ամբողջ
ժողովրդի։
2. Փորձե՛ք ընտրել մեջբերված տեքստից տարբեր
մտքեր և մեկնաբանել ուսուցչի օգնությամբ։
Այսպիսի իրավիճակում, երբ հայ հասարակության
բոլոր խավերը միաբան էին Աշոտ իշխանին հայոց
թագավոր հռչակելու մտքի շուրջ, Զաքարիա Ձագեցի
կաթողիկոսը 869 թ հրավիրում է հայ իշխանների
հատուկ ժողով։ Այստեղ միահամուռ կերպով որոշվում
է Աշոտ Բագրատունուն հռչակել հայոց թագավոր։ Այս
որոշումից հետո հայ հոգևոր և քաղաքական վերնախավը դիմում է խալիֆին, որպեսզի վերջինս ճանաչի
Աշոտի թագավորական իշխանությունը։