Օղակավոր որդերի զարգացման մակարդակը, ինչպես արդեն նշեցինք, ավելի բարձր է մնացյալ որդերի տիպերից: Օղակավոր որդերը՝ անձրևորդի օրինակով, ունեն բավականին բարդ և ամբողջական կառուցվածք:
Անձրևորդը ունի կենդանիներին բնորոշ բոլոր չորս հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային:
Անձրևորդի օրգան համակարգերը ավելի լավ են զարգացած, նրանց մոտ առաջին անգամ դրսևորվում է արյունատար համակարգը և մարմնի երկրորդային խոռոչը:

Դիտարկենք անձրևորդի հիմնական օրգան – համակարգերի կառուցվածքը և գործառնությունը:
Մարսողական համակարգ: Մարսողական համակարգը գրեթե համարժեք է կլոր որդերի մարսողական խողովակին: Այն սկսվում է բերանային անցքով, ձգվում երկարավուն մարսողական խողովակով և դուրս բացվում հետանցքով:
Անձրևորդի մարսողական համակարգը ունի բաժինների հետևյալ հերթագայությունը՝
1. բերան, 2. կլան, 3. կերակրափող, 4. կտնառք, 5. ստամոքս, 6. աղիք, 7. հետանցք:
Անձրևորդի կերակրափողից դուրս գտնվում են զույգ կրային գեղձեր, որոնք ծորաններով բացվում են կերակրափողում: Դրանց արտադրանքը չեզոքացնում է հողի թթվայնությունը: Կերակրափողը փոխադրող խողովակ է, որով սնունդը բերանից անցնում է քիմիական մշակման հատված: Կտնառքը իրենից ներկայացնում է սննդի ժամանակավոր պահեստարան:
Ստամոքսը իսկական բազմաբջիջների մարսողության հիմնական օրգաններից է:
Ստամոքսում և ապա աղիքների որոշ հատվածում կատարվում է սննդի քիմիական մշակումը, որն էլ հենց մարսողության բուն գործընթացն է: Աղիքներում մարսված սննդից ստացված սննդանյութերը անցնում են անձրևորդի արյան մեջ և արյունատար համակարգով փոխադրվում դեպի բոլոր բջիջներ:

Արյունատար համակարգ
Օղակավոր որդերի կառուցվածքի կատարելագործումը հանգեցրել է մասնագիտացված փոխադրական՝ արյունատար համակարգի առաջացմանը:
Արյունատար համակարգը կազմում են արյունը, արյունատար անոթները և սիրտը, որը արյունը մղում և շարժում է անոթներով:
Օղակավոր որդերի արյունատար համակարգը կազմված է մեջքային և փորային գլխավոր անոթներից, որոնք ձգվում են մարմնի ամբողջ երկայնքով: Մարմնի յուրաքանչյուր հերթական օղակում դրանք միանում են իրար հետ օղակաձև անոթներով: Տվյալ խոշոր անոթները ցրվում են և վերածվում ավելի մանր մազանոթների, որոնք մնացյալ բոլոր բջիջներում ստեղծում են սնուցող խիտ ցանց:
Անձրևորդի մարմնում արյունը շարժվում է մարմնի առջևի հատվածներում գտնվող օղակաձև անոթների առավել հաստ պատերի կծկման շնորհիվ: Դրանք փաստորեն «սրտերի» դեր են կատարում:
Փորային անոթով արյունը շարժվում է հետ, իսկ մեջքային անոթով՝ դեպի առաջ:

Նյարդային համակարգ: Ինչպես արդեն գիտեք, նյարդային համակարգի զարգացումը հանդիսանում է օրգանիզմի կողմից ցուցաբերված ակտիվության դրսևորում:
Կենսամիջավայրի պայմանների բազմազանությունը և վարվող ակտիվ կենսակերպը հանգեցնում են նյարդային համակարգի կատարելագործման անհրաժեշտության, ինչն էլ դիտարկվում է անձրևորդի մոտ՝ ի տարբերություն ասկարիդի և սպիտակ պլանարիայի:
Օղակավոր որդերի նյարդային համակարգը կազմված է շուրջկլանային օղակից և փորային շղթայից: Շուրջկլանային օղակը բաղկացած է լավ զարգացած վերկլանային և թույլ զարգացած ենթակլանային հանգույցներից, որոնք միանում են նյարդային թելերով:
Մարմնի յուրաքանչյուր հերթական հատվածի փորային մասում կա մի զույգ նյարդային հանգույց, որոնցից դուրս են գալիս այդ օղակի օրգանները նյարդավորող նյարդաթելերը: Այդ հանգույցները հերթականությամբ միանալով իրար՝ միասին կազմում են փորային շղթան: Փորային շղթան ապահովում է յուրաքանչյուր օղակի և ամբողջ օրգանիզմի նյարդավորումը:
Միջավայրի հետ ակտիվ փոխառնչությունը հանգեցնում է անձրևորդի և օղակավոր որդերի մոտ զգայական օրգանների զարգացման:
Անձրևորդի զգայական օրգանները կարող են ներկայացված լինել աչքերով (1−2 զույգ), որոնք գտնվում են մարմնի առաջին հատվածի մեջքային մասում:

Բազմացումը: Այս տիպին պատկանում են և՛ բաժանասեռ, և՛ հերմաֆրոդիտ տեսակներ: Որոշ տեսակների մոտ զարգացել են բազմացման բարդ օրգաններ, իսկ մյուսները պարզապես դուրս են բերում մարմնից սեռական բջիջները նախաերիկամների օգնությամբ:
Անձրևորդը հերմաֆրոդիտ է. ունի և՛ ♀, և՛ ♂ սեռական օրգաններ:
Անձրևորդի արական սեռական օրգանները կոչվում են սերմնարաններ, իսկ իգական սեռական օրգանները կոչվում են ձվարաններ:
Դրանք անձրևորդի մարմնում տեղակայված են տարբեր հատվածներում՝ ինքնաբեղմնավորումը բացառելու համար:
Բազմացման շրջանում երկու առանձնյակներ հպվում են միմյանց և փոխանակվում արական սեռական օրգանների կողմից արտադրված սերմնահեղուկով: Այն պարունակում է ♂ գամետներ՝ սպերմատոզոիդներ:

Ռեգեներացիա
Անձրևորդը ունի մարմնի վերականգնված մասերի ինքնավերականգնման բացառիկ ընդունակություն, որով էլ նման է աղեխորշավորներին:
Հետևաբար անձրևորդը կարող է բազմանալ նաև անսեռ եղանակով: Եթե անձրևորդին մասնատենք, ապա յուրաքանչյուր հատվածից կվերաճի ամբողջական օրգանիզմի: