Posted in ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Սմբատ Ա Նահատակ

Սմբատ Ա կամ Սմբատ Նահատակ (850, Բագրատունիների թագավորություն – 914, Երնջակ բերդ, Բագրատունիների թագավորություն), հայոց թագավոր Բագրատունիների հարստությունից, Աշոտ Ա-ի որդին։ Վերջինս հայոց գահը ժառանգել է 890 թվականին, սակայն հայոց գահին վերջնական հաստատվել է 892 թվականին։ Աշոտ Ա-ի մահից հետո, հայոց գահը ավագության իրավունքով անցնում է Սմբատին, սակայն Աշոտ Ա-ի եղբայրը՝ Աբաս սպարապետը նույնպես հավակնություններ ուներ թագի նկատմամբ։ Արդյունքում՝ սկսվում են գահակալական կռիվներ, որը դառնում է ազգամիջյան պատերազմների պատճառ։ Ի վերջո Սմբատը կարողանում է հաղթանակ տոնել իր հորեղբոր նկատմամբ և վերջնականապես 892 թվականին հաստատվում հայոց գահին։ Նույն թվականին Սմբատի իշխանությունը ճանաչվում է նաև Արաբական խալիֆայությունը։

Սմբատը, շարունակելով հոր գործը, 893 թվականին պայմանագիր է կնքում Բյուզանդիայի հետ, որտեղ թագավորում էր Լևոն Զ-ն՝ Հայկական (մակեդոնական) արքայատոհմից։ Այն իրենից ներկայացնում է առևտրային պայմանագիր, որը կարևոր էր Բագրատունյաց Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Միևնույն ժամանակ այն նաև դաշնակցային և բարեկամական պայմանագիր էր։ Այդ ժամանակ Հայաստանում ոստիկան էր նշանակված Ատրպատականի Սաջյան ամիրայության գահակալ Աֆշինը, որը չէր կարողանում համակերպվել հայ-բյուզանդական այսօրինակ մերձեցման հետ և իր զորքով ներխուժում է Հայաստան։ Սակայն Սմբատ Ա-ն կարողանում դիվանագիտական ուղիներով լուծել այս հարցը և Աֆշինը վերադառնում է Ատրպատական։

894 թվականին տեղի է ունենում սարսափելի բնական աղետ՝ երկրաշարժ, որի պատճառով Դվին մայրաքաղաքը դառնում է կիսավեր և անպաշտպան։ Երկրաշարժի պատճառով զոհվում է շուրջ 70 հազար մարդ։ Օգտվելով բարենպաստ պայմաններից՝ Աֆշինը նորից զորք է հավաքում և ներխուժում Հայաստան։ Ճակատամարտը տեղի է ունենում Արագածոտն գավառի Դողս գյուղում, որտեղ Աֆշինի զորքերը ջախջախիչ պարտության են կրում և ստիպված լինում խաղաղություն խնդրել Սմբատից։ Հայաստանում հաստատվում է կարճատև խաղաղություն, որը Սմբատն օգտագործում է կենտրոնացված պետություն հիմնելու համար։ Նա արշավանքներ է ձեռնարկում դեպի Գուգարք, որը գրավվել էր վրացիների կողմից, և վերամիավորում է այն Հայաստանին։ 899 թվականին Սմբատը թագադրում է վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունուն որպես վրաց թագավոր։ Այս քայլով նա փորձում էր Վիրքը ենթարկել հայկական պետության շահերին[1]։ 901 թվականին Աֆշինին փոխարինում է Յուսուֆը, որը արշավում է Հայաստան և գրավում Դվինը։ Սմբատը պաշարում է քաղաքը և հետ գրավում այն․ Յուսուֆ ամիրան ստիպված էր նահանջել Ատրպատական։ 903 թվականին աբխազները սկսում են ասպատակել Գուգարքը և Վիրքը։ Սմբատը հավաքագրում է մի ահռելի զորք և արշավում Աբխազաց թագավորություն, գրավում այն, ապա իր երկրին միացնում մի շարք աբխազական գավառներ, այդ թվում՝ Կղարջքը և Արտահանը։

Յուսուֆը, տեսնելով, որ չի կարող ռազմական ուժով հաղթել Սմբատին, դիմում է խորամանկության։ Այդ ժամանակ Արծրունիների և Սյունիների միջև առաջացել էին ներքին հակասություններ, իսկ Սմբատը խնդիրները լուծել էր ի օգուտ Սյունիների։ Գագիկ Արծրունին դժգոհ է մնում այդ որոշումից և ապստամբում է։ Յուսուֆն էլ սպասում էր այսպիսի առիթի, որպեսզի երկպառակություն մտցնի հայերի մեջ։ Նա միանգամից թագ է ուղարկում Գագիկին և նրան ճանաչում «հայոց արքա»։ Միաժամանակ՝ 909 թվականին Յուսուֆը զորքով Ատրպատականի կողմից ներխուժում է Հայաստան։ Վճռական ճակատամարտը տեղի է 910 թվականին ունենում Ձկնավաճառում, որտեղ Սմբատը պարտություն է կրում, քանի որ Սևորդյան իշխանները դավաճանում են նրան։ Այդ ժամանակ Հայաստանում գտնվող արաբ ամիրաները, որոնք մինչ այդ հարկատու էին Սմբատին, ապստամբում են։ Ապստամբում են նաև հայ անջատողական տրամադրություններ ունեցող իշխաններից շատերը։ Սմբատը պատսպարվում է Կապույտ բերդում, իսկ Յուսուֆը պաշարում է այն։ Բանակցությունների ժամանակ Յուսուֆը տալիս է անձի ապահովության խոստումներ։ Երկիրը ավերումից պաշտպանելու համար Սմբատը անձնատուր է լինում, սակայն Յուսուֆը չի պահում իր երդումը և նրան խոշտանգելով տանում է Դվին, ապա փորձում է նրանից հրաման կորզել, որ հայոց երկրի պաշտպանվող ամրությունները, բերդերը ևս անձնատուր լինեն, սակայն մերժում է ստանում։ Յուսուֆը 914 թվականին գլխատում է Սմբատին և մարմինը խաչ հանում Դվինի դարպասների վրա։

Ընտանիք

Կենսագրություն

890 թվականին մահանում է Բագրատունյաց Հայաստանի առաջին արքան՝ Աշոտ Ա-ն, որի մահից հետո ավագության իրավունքով գահը անցնում է Սմբատին։ Սակայն նա չի կարողանում ներկա գտնվել նույնիսկ իր հոր թաղմանը, քանի որ Գուգարքում պատերազմներ էր մղում։ Վերադառնալով Հայաստան և անհրաժեշտ կարգով հոր մահը սգալուց հետո՝ Սմբատը զբաղեցնում է հայոց թափուր գահը։ Սակայն Սմբատի հորեղբայրը՝ սպարապետ Աբասը, նույնպես որոշակի հավակնություններ ուներ հայոց գահի նկատմամբ, այդ պատճառով նա առանձնանում է Վանանդ գավառում և սպասում հարմար պահի, որպեսզի ապստամբի։ Ապստամբության համար առիթ է հանդիսանում Ատրներսեհ Բագրատունու այցը Հայաստան, որը վրաց գահերեց իշխան էր։ Նա նախ տեսակցում է Աբասի հետ, ցավակցում նրան Աշոտ Ա-ի մահվան կապակցությամբ, ապա զգուշացնում, որ գնալու է նաև Սմբատի մոտ, սակայն Աբասը ասում է, որ պետք չէ այդպիսի քայլ անել։ Ատրներսեհը հավատացնում է, որ նա ոչ մի կանխակալ վերաբերմունք չունի գահի թեկնածուների միջև, ապա մեկնում Սմբատի մոտ։ Սմբատին ցավակցելուց հետո՝ նա արքայական հագուստներ է հագցնում նրան, ինչը Աբասի կողմից դիտվում է դավաճանություն, և երբ Արտներսեհը վերադառնում է Աբասի մոտ, նա ձերբակալում է վրաց իշխանին։

Այդ առիթով կռիվ է սկսվում Սմբատի և հորեղբոր միջև, սակայն հայոց կաթողիկոսը ազգամիջյան հակասությունները կանխելու նպատակով դիմում է Աբասին և խնդրում ազատ արձակել Ատրներսեհին, որի դիմաց Աբասը պահանջում է իրեն հանձնել Ատրներսեհի կողմից Աբասի քրոջ ամուսնուց՝ Գուրգենից խլված երկու բերդերը։ Այս պահանջը անմիջապես կատարվում է Ատրներսեհի կողմից, սակայն Աբասը դրժում է իր երդումը և շարունակում անազատության մեջ պահել Ատրներսեհին։ Կաթողիկոսը հիասթափվում է և դիմում Սմբատին, որպեսզի լուծի այդ հարցը։ Սմբատը վրեժխնդրությամբ է լցվում ազգակցի հանդեպ և նորից պատերազմ սկսում։ Տեսնելով Սմբատի ռազմական ուժի գերազանցությունը՝ Աբասը փակվում է Կարսի բերդում, իսկ քիչ անց խաղաղության խոսք բացում։ Սմբատը չէր ցանկանում ազգամիջյան պատերազմ հրահրել, այդ պատճառով համաձայնվում է բանակցել և խաղաղության դիմաց պահանջում բանտից ազատել Ատրներսեհին, որը կատարվում է։

Leave a comment