Ամեն օր ես օգտագործում եմ ջուր տարբեր նպատակներով։ Առավոտյան ես խմում եմ մեկ բաժակ մեղրաջուր, որը մոտավորապես 200 մլ է։ Երեկոյան ջուր եմ օգտագործում թեյ պատրաստելու համար և խմում եմ մոտ 2–4 բաժակ թեյ, ինչը կազմում է մոտ 400–800 մլ ջուր։
Ես ջուր եմ օգտագործում նաև հիգիենայի համար։ Ձեռքերը լվանալու համար օրական մոտ 5–10 լիտր ջուր է օգտագործվում, իսկ ատամները մաքրելու համար՝ մոտ 1–2 լիտր։ Լոգանք ընդունելիս մոտավորապես 30–50 լիտր ջուր է ծախսվում։
Ջուրը կարևոր դեր ունի նաև սննդի մեջ։ Ապուր պատրաստելու համար օգտագործվում է մոտ 1–2 լիտր ջուր, կարտոֆիլ եփելու համար՝ մոտ 1 լիտր, իսկ միս պատրաստելու համար՝ մոտ 0.5–1 լիտր ջուր։
Մոտավոր հաշվարկով ես օրական օգտագործում եմ մոտավորապես 45–65 լիտր ջուր։ Ես փորձում եմ ջուրը խնայել և ճիշտ օգտագործել, որովհետև այն շատ կարևոր բնական ռեսուրս է մարդու և բնության համար։
Day: February 4, 2026
Անուշ (Նախերգանք)
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։
— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։
Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։
Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին…
Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,
Ափսո՜ս էդ ծով աչքերին…։
Ու նըրանց հետ՝ ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր։
— Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին…
Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին…
— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ…
Ու փերիներն էսպես տըխուր
Երգում էին ողջ գիշեր։
Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի՝
Անտես, անհետ չըքացան։
Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
Ալիքները պաղպաջուն։