88.
Երբ ջրերը վարարում էին ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից, դաշտում տեղ֊տեղ բնական ավազաններ էին գոյանում: Այդ ավազանները (կիզիչ արևի տակ, արևը, քաղցրացնում էր միրգը և արնաներկում վարդը) արագորեն շոգիանում էին, հատակում թողնելով ազնվագույն տեսակի կավ: Իսկ կավը չորանալուց հետո ճաքճքում էր թանձր շերտերով և հողը պտուղ չէր տալիս, վարդը չէր արնաներկվում: Երիտասարդ բնակիչներից մեկը՝ Անդրեսը՝ քարտաշ Դավթի որդին, մտածեց օգտագործել այդ կավը և աղյուսներ շինել: Հայրը չէր համոզվում, բայց և չէր առարկում, որովհետև որդու վերին շրթունքի վրա ոլորվում էր սև ընճացքը, իսկ նրա կնոջ կրծքին արդեն երրորդ մանուկն էր խայտում: Գյուղում օրեցօր ավելանում էր Անդրեսի թրծած կավից շինված տների թիվը, և կավագործը հիմք դրեց առաջին բրուտանոցին, որ ընդարձակ, ցածր առաստաղով մի սրահ էր: Բրուտանոցը զով ու խոնավ էր՝ կավի դուրեկան բույրով հագեցած:
Continue reading “Կետադրություն”





