Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 10

Վահան Տերյան

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շաբժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ..․

Հայրենիքում իմ արնաներկ
Գիշերն իջավ անլույս ու լուռ.
Այնտեղ, ուր կար այնքան սիրերգ
Եվ վարդի բույր, և սրտի հուր։
Ամեն մի միտք հիմա մի վերք,
Ամեն հայացք հատու մի սուր,
Արնոտ դիերն են համր ու մերկ
Նայում երկինք անզոր ու զուր։
Մի օր ինչ վառ ծաղկեց մոգված
Մեր նաիրյան սիրտը բեկված,
Հրով որքա՜ն խորհրդավոր,
Ահա որպես ծաղիկ թեքված
Մեր հին հոգին համր ու մոլոր,
Ա՜խ, և անզո՛ր և անարգվա՛ծ․․․