Մարդու օրգանիզմը ունի բջջային կառուցվածք։ Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գործառույթային տարրական միավորն է։ Մարդու բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։ Բջիջները միավորվելով կազմում են հյուսվածքներ։
Հյուսվածքը բջիջների խումբ է, որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը և կատարում են նույն ֆունկցիան։ Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ՝ էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային։
- Էպիթելային հյուսվածքը պատում է մարմնի մակերևույթը, օրգանների և անոթների պատերը։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր տեսակներ։
- Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, արյունը, ավիշը և ճարպային շերտը։ Այն կատարում է հենարանային, սնուցողական, պաշտպանական և փոխադրող գործառույթներ։
- Մկանային հյուսվածքը ապահովում է մարմնի և օրգանների շարժումները։ Այն լինում է հարթ և միջաձիգ զոլավոր (կմախքային և սրտամկանային)։
- Նյարդային հյուսվածքը կազմված է նեյրոններից, որոնք ընդունում և փոխանցում են նյարդային գրգիռները։
Հյուսվածքները միավորվելով կազմում են օրգաններ, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են հատուկ ֆունկցիա։