Մարդու օրգանիզմում մշտապես տեղի են ունենում տարբեր գործընթացներ՝ շնչառություն, արյան շրջանառություն, շարժում, մարսողություն և այլն։ Դրանք կարգավորվում են հատուկ մեխանիզմներով, որոնք պահպանում են օրգանիզմի ներքին միջավայրի հարաբերական կայունությունը՝ հոմեոստազը։
Կարգավորումը լինում է երեք տեսակի՝ հումորալ, նյարդային և նյարդահումորալ։
Հումորալ կարգավորումը կատարվում է հորմոնների միջոցով, որոնք արտադրվում են ներզատական գեղձերի կողմից և արյան ու ավշի միջոցով ազդում տարբեր օրգանների վրա։
Նյարդային կարգավորումը ավելի արագ և ճշգրիտ է․ այն իրականացվում է ռեֆլեքսների միջոցով։ Ռեֆլեքսը օրգանիզմի պատասխան ռեակցիան է գրգիռներին, որը կատարվում է նյարդային համակարգի միջոցով։
Նյարդահումորալ կարգավորումը նյարդային և հումորալ կարգավորումների համատեղ աշխատանքն է․ նյարդային համակարգը ազդում է գեղձերի վրա, իսկ հորմոնները՝ նյարդային համակարգի վրա։ Դրանց հիմքում ընկած է ինքնակարգավորման սկզբունքը։