1․ Տեքստ
Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթր շղարշներով։ Նստեց ծածկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը՝ մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է, անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը՝ ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։